ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Երևանի պետական բժշկական համալսարանի էլեկտրոնային գրադարանի նոր սրահի բացման արարողությանը: Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը, սա բուհում բացված երկրորդ ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցած էլեկտրոնային սրահն է, որն հնարավարություն է տալիս քննությունները կազմակարպել համակարգչային եղանակով. «Քննությունների անաչառության բարձրացման կարևոր նախապայմաններից մեկը մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է: Համակարգչային քննությունը թույլ է տալիս գրեթե վերացնել անմիջական շփումը դասախոսի հետ` կտրուկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ նորաբաց սրահը նաև լրացուցիչ հնարավարություն է ուսանողների համար` մուտք ունենեալ էլեկտրոնային կրթական պաշարների ինտերնետ տիրույթ: Նախարարի խոսքով` նորաբաց սրահում 100 համակարգիչներ են տեղադրված, որոնք հասանելի են ուսանողներին և կիրառվելու են ուսուցման գործընթացում: «Բուհական համակարգին ուղղված քննադատությունների մեջ հաճախ է շեշտվում այն հարցը, թե արդյոք թեստային մեթոդը գիտելիքի ստուգման լավագույն տարբերակն է: Պետք է նշեմ, որ այստեղ խնդիր կա, որովհետև շատ տեղերում թեստերը կրում են մեխանիկական բնույթ, և թեստային առաջադրանքի հաջող լրացնելը միշտ չէ, որ կարելի է նույնացնել գիտելիքի հետ: Նույն խնդիրն ունենք նաև ընդունելության քննությունների պարագայում, երբ դիմորդը պարապում է թեստերով և ոչ թե գիտելիքով: Ճիշտ թեստեր կազմելը միջազգային մանկավարժության մեջ առանձին գիտություն է, որն ենթադրում է կազմել այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորինս կբացահայտեն գիտելիքը: Սա թեստեր կազմող դասախոսներից պահանջում է լրացուցիչ հմտություն»,- նշել է նախարարը և հավելել, որ այս տեսանկյունից ԵՊԲՀ արդյունքները բավականին տպավորիչ են: ՀՀ ԿԳ նախարարը նշել է նաև, որ առաջարկություն կա ընդունելության քննությունները նույնպես ամբողջությամբ համակարգչային դարձնել, որպեսզի դիմորդները քննությունները հանձնեն օնլայն` համակարգչի առջև նսած՝ ամբողջությամբ ավտոմատացված: «Նախնական հետազոտություններն արված են ՀԲ փորձագետների հետ համատեղ: Նման ծրագիր իրագործումը Հայաստանում գնահատվում է իրատեսական: Տրված է նաև համակարգի ներդրման ֆինանսական գնահատականը և ընդունելության քննությունների բարեփոխումների շրջանակում այս տարբերակը քննարկվում է` հաշվի առնելով հնարավոր բոլոր ռիսկերը»,- նշել է նախարարը` շեշտելով, որ բուհական ընթացիկ համակարգչային քննությունների մոդելներն այս իմաստով արդյունավետ փորձ են ապահովում: Անդրադառնալով լրագրողի՝ կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ դրանք չեն վերացել, սակայն նվազել են. «Կոռուպցիոն ռիսկերի նվազումը հստակ արձանագրված է և՛ տեղական, և՛ միջազգային փորձագետների և հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում: Կոռուպցիոն ռիսկերի նվազումը միտում է, բայց վերջնական չէ, որովհետև ես վստահ չեմ, որ եթե մենք դադարեցնենք ճնշումները, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն: Ես կասկածում եմ, որ մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը հասել ենք բացարձակապես մշակույթ փոխելով: Վստահ եմ, որ սա լրատվամիջոցների, նախարարության, հասարակության համատեղ աշխատանքի և ոչ մտածելակերպի փոփոխության արդյունքն է: Ցավոք, մենք դեռ չենք հասել մտածելակերպային կայուն փոփոխությունների»,- ասել է նախարարը և հավելել, որ ոչ միայն դասախոսն է մեղավոր կոռուպցիայի մեջ, այլև ուսանողը, ով շահագրգիռ է այլևայլ ճանապարհներով գնահատական ստանալու մեջ:
Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է կրթական համակարգին վերաբերող տարբեր խնդիրների, մասնավորապես՝ բուհերի կառավարմանն ու վարկանիշավորմանը, դպրոցներում կրթական գործընթացի կազմակարպմանը և այլ հարցերի: